«Երբ ակն­կա­լիք­նե­րը չես կա­րո­ղա­նում ար­դա­րաց­նել, միշտ պետք է մե­ղա­վոր­ներ գտնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև մի շարք հարցերի շուրջ չհասկացվածությունը՝ առիթ՝ «ճեղքերում տեղավորվելու», ՏԻՄ ընտրություններից հետո հնչած հայտարարություններ, որոնք անթույլատրելի են որակվում, իսկ երկակի ստանդարտները՝ համարվում անտրամաբանական: «Փաստը» քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է վերոնշյալ խնդիրներից բխող մի շարք հարցերի շուրջ:

Կփորձեն ճեղքը անջրպետ սարքել. Երևանը պարտավոր է սեղմել մեկնած ձեռքը

Սկսելով Արցախի և Հայաստանի իշխանությունների շուրջ ձևավորված մթնոլորտից՝ Վիգեն Հակոբյանը նախ նկատում է

«Չենք կարող ասել, որ մեկ տարվա ընթացքում հարաբերությունները շատ ծանր են եղել: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո եղավ Արցախում, նոր հայտարարություններ ևս եղան Արցախի հարցի շուրջ: Թեպետ Արցախում ոգևորության ալիքի ներքո ինչ-որ շրջանակներ փորձեցին հեղափոխության իմիտացիա անել, բայց չստացվեց, ինչին հետևեց վարչապետի հայտարարությունն այն մասին, որ աջակցություն է հայտնում Բակո Սահակյանին: Պատասխան հայտարարություն ևս եղավ: Մեծ հաշվով, դա մի փուլ էր, որի պարագայում ազդարարվում էր, որ հարաբերություններում խաղի կանոնները ճշտվել են, և դրանք նորմալ են ու աշխատանքային: Բայց ինչ-որ փուլից սկսած՝ թվում էր, որ որոշակի տարակարծություններ կան՝ հաշվի առնելով, որ Արցախի իշխանությունը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում այլ իշխանություններ էին: Այդ իրավիճակը տեղավորվում էր թիմային տարբերությունների համատեքստում, ինչը մտահոգիչ էր, քանի որ անհամաձայնությունները թուլացնում են Հայաստան-Արցախ միասնությունը: Այդուհանդերձ, եթե առաջնորդվենք Ն. Փաշինյանի վերջին հայտարարություններով, պարզվեց, որ ավելի խորքային խնդիր կա. նա փաստացի հայտարարեց, որ բանակցային գործընթացի շուրջ իր ներկայացրած կոնցեպտն Արցախում ոչ միանշանակ է ընկալվում:

Չգիտեմ՝ ինչ խորությամբ, բայց տարաձայնություններ կան բանակցային գործընթացի մոտեցումների շուրջ: Իսկ սա ավելի լուրջ ու խորքային խնդիր է, քան թիմային տարաձայնությունները՝ կապված ներքաղաքական, միջանձնային տարբեր հարցերի հետ: Այդ խորքային խնդիրն ավելի մտահոգիչ է, քանի որ բոլորիս համար հասկանալի է, որ ի տարբերություն Երևանի սրճարաններում նստած ստրատեգների, Արցախում, որպես ռազմաճակատի գոտի, վտանգներն այլ կերպ են ընկալվում, ըմբռնումները ևս այլ են: Այն, որ խնդիրը դուրս է եկել ջրի երես, կոպիտ սխալ է, քանի որ նման հարցերը չպետք է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում լինեն»:

Սև-սպիտակի մյուս տարբերակը՝ ավելի կենցաղային մակարդակով, կամ՝ ինչպես «լղոզվեցին» անզգույշ արտահայտությունները

Անդրադառնալով ՏԻՄ, և հատկապես Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին, այս ընթացքում հնչած գնահատականներին, Վիգեն Հակոբյանի հետ զրույցում խոսեցինք նախ այն տպավորությունների մասին, ըստ որի՝ եթե հաղթում է իշխանությունը՝ ամեն ինչ լավ է, եթե ոչ՝ մեղավոր են բոլորը: 

«Սովորական քարոզչական հնարք է: Մինչև ընտրություններ էր պարզ, որ երկու ձևի գնահատական կարող է լինել. եթե հաղթում է իշխանական թեկնածուն, ապա ասվում է, որ «հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը», «հեղափոխությունը հասավ Աբովյան»: Իսկ պարտվելու դեպքում ասվելու էր՝ հաղթեց ժողովրդավարությունը, ինչպես և հայտարարվեց: Ավելին՝ Ն. Փաշինյանը փորձեց «սվաղել», «լղոզել» այն անզգույշ արտահայտությունները, որոնք արեց Կոտայքի մարզպետը՝ գուցե պարտության դառնության էմոցիաների ազդեցության տակ: Այն, ինչ ասում է վարչապետը, հասկանալի է, իրավիճակից ելնելով քաղաքական գնահատական է տալ իս, բայց իրականում ինչ եզրակացությունների կգա այդ պարտությունից, այլ խնդիր է:

Այդուհանդերձ, անթույլատրելի է հայտարարել, թե «արժանապատիվ քաղաքացին պարտվեց»: Մարդը, ով պետք է ղեկավարի այդ մարզը, հասկանալով կամ չհասկանալով, Աբովյանի բնակիչներին բաժանեց արժանապատիվների ու ոչ արժանապատիվների: Սա սև-սպիտակի մյուս տարբերակն է, բայց ավելի կենցաղային մակարդակով:

Հիմա ասում են արժանապատիվ ու ոչ արժանապատիվ, մյուս անգամ կարող է ասեն գիտակից, անգիտակից: Նման որակումները կոպտագույն քաղաքական ու ստրատեգիական սխալ են. չէ՞ որ մի քանի ամիս առաջ նույն քաղաքում նույն քաղաքացիները բավականին լուրջ ձայներ էին տվել իր կուսակցությանը: Պետք է նստել ու մտածել, թե ինչու ընդամենը վեց ամիս հետո թվերը «շուռ եկան»»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, առհասարակ մեղավորներ փնտրելը հեղափոխության ուղղորդող օրենքներից է. «Սկզբից մինչև վերջ հակառակորդներ պետք է ֆիքսվեն, որ կողմնակիցներին անընհատ «տոնուսի» մեջ պահեն: Մյուս կողմից, քանի որ մի բան է հեղափոխություն անել, մեկ այլ բան՝ իշխանությունը վերցնելուց հետո կոնստրուկտիվ գործով զբաղվելը, միշտ մեծ ռիսկ կա, որ չես կարող ակնկալիքներն ու խոստումներն արդարացնել: Ու այդ առումով միշտ պետք է գտնես մեղավորների, ինչը բնական է ու հայտնի հնարք նաև մեծ քաղաքականության մեջ: Մեզ մոտ այդ էտապներն ենք անցնում: Կան «հեղափոխականներ», որոնց խանգարում են «հակահեղափոխականները», կային «սևեր», «սպիտակներ»: Հիմա կա «հեղափոխական Հայաստան» ու «հակահեղափոխական Արցախ», իսկ սեզոնի վերջին հիթը սևազգեստ դեմքերն են, որոնք, չգիտեմ՝ ինչով են զբաղված, բայց սևազգեստ են: Մեծ հաշվով, երբ ակնկալիքները չես կարողանում արդարացնել, բավարարել որոշակի սպասումներ, և զգում ես, որ ժամանակը սկսում է քո դեմ աշխատել, միշտ պետք է մեղավորներ գտնել: Սա նորմալ է քաղաքական գործընթացի տրամաբանության առումով, բայց պետք է փորձել մնալ քաղաքական տրամաբանության, բառապաշարի, քաղաքական գնահատականների տիրույթում, և ոչ թե քաղաքական տրամաբանության մակարդակից իջնել այնքան, երբ որակումները «արժանապատիվ, ոչ արժանապատիվ, հայաստանցի է, թե արցախցի, քաղաքացի է, թե քաղաքացի չէ» մակարդակում լինեն»:

Շատ քայլեր տրամաբանությունից դուրս են

Մի դեպքում բռնության կոչը չի պատժվում, մյուս դեպքում՝ պատժվում է, մի դեպքում ցույցի մոտիվացիան արդարացվում է, մյուս դեպքում՝ քննադատվում: Օրինակները կարելի է շարունակել, բայց ինչ վերաբերում է նման երկակի ստանդարտներին, քաղտեխնոլոգը դժվարանում է ասել, թե ինչու է իշխանությունը նման կերպ վարվում:

«Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև շատ քայլեր, նույն երկակի ստանդարտների համատեքստում, տրամաբանությունից դուրս են: Այս պահին նման քայլերի գնալու անհրաժեշտություն բացարձակապես չկա, որովհետև դեռ պահպանում է իր ժողովրդականությունը: Այնպես չէ, որ ռեյտինգն այնքան ցածր է, ըստ որի՝ կա իշխանությունն ամեն գնով պահպանելու և ամրապնդելու խնդիր: Որքան էլ ասում ենք, որ էյֆորիա չկա, չի նշանակում, որ անձամբ վարչապետի վարկանիշն այնքան ցածր է, որ առանց ուժային մեթոդների, առանց անտրամաբանական քայլերի ու բազմակի ստանդարտների հնարավոր չէ ամրապնդել դիրքերը: Այս պահի դրությամբ այդպես չէ, բայց կարող է լինել ապագայում, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում: Ասում են՝ կարևոր է ոչ թե այն ընտրությունը, որը հեղափոխությունից հետո է լինելու, այլ մյուս ընտրությունները, երբ որոշ ժամանակ հետո ժողովուրդն առանց էյֆորիայի քեզ կամ կընտրի, կամ չի ընտրի: Ի դեպ՝ մենք այդ փորձն ունենք»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիները:

«90, 91 թվականների ընտրություններից և մեծ թվով ձայներ ստանալուց 4-5 տարի հետո տեղի ունեցած ընտրություններում ամենաբիրտ մեթոդներով իրենք Հայաստանում ընտրությունների կեղծման, բռնությունների հիմքը դրեցին: Այս պահին ուժային մեթոդներով վախեցնելու ու նման մեթոդներ կիրառելու որևէ տրամաբանություն չկա: Բայց ի՞նչ է արվում՝ չգիտեմ: Օրինակ, ամեն օր «ադեկվատներին» բռնելու ու բաց թողնելու իմաստը ո՞րն է, երբ տարբեր անհասկանալի գործողությունների արդյունքում աստիճանաբար մեծանում է նաև այդ բրենդի ճանաչելիությունը: Մեծ հաշվով, նման գործողությունների, երկակի ստանդարտներ կիրառելու առումով այս պահին քաղաքական տրամաբանություն չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին Ախուրյան-Բասեն ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած «Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք) ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ)
website by Sargssyan