«UWC Դիլիջան» դպրոցի ուսանողների նախաձեռնությամբ անցկացվելու է Դիլիջանի արվեստների առաջին փառատոնը

Դիլիջանում ապրիլի 7-8-ը առաջին անգամ կանցկացվի Դիլիջանի արվեստների փառատոն, որը նախաձեռնել են «UWC Դիլիջան» դպրոցի ուսանողները: Փառատոնի նպատակն է Դիլիջանին վերադարձնել իր՝ որպես տարածաշրջանային մշակութային և արվեստների կենտրոնի նախկին փառքը: Անդրանիկ փառատոնը կանցկացվի «Արմատներ» թեմայի ներքո: Այս մասին տեղեկացրին «UWC Դիլիջան» դպրոցից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «UWC Դիլիջանի ուսանողուհի և փառատոնի գլխավոր կազմակերպիչ Հելենը՝ Հարավային Աֆրիկայից,  պարզաբանում է, թե ինչպես է ծագել փառատոնի միտքը, և ինչու են ուսանողները որոշել կյանքի կոչել այն: 

«Դիլիջանի բնապատկերների ու մարդկանց բնական գեղեցկությունը սքանչելի է: Քաղաքն ունի հսկայական ներուժ՝ դառնալու Հայաստանի մշակութային ու զբոսաշրջային կենտրոն: 

Դիլիջանի արվեստների փառատոնը միջոց է այդ ներուժն իրագործելու համար. այն մեկ տեղում կհավաքի մարդկանց՝ Հայաստանից և արտերկրից՝ միասին տոնելու մշակութային բազմազանությունն ու ինքնարտահայտումը՝ միևնույն ժամանակ վայելելով Դիլիջանի հրաշքները: 

Այս տարվա թեման է «Արմատներ», և լիահույս ենք, որ այս թեմայի միջոցով միասին կբացահայտենք մարդկության և մարդկային մտքի ակունքները և կփոխանակվենք արվեստի մասին մեր պատկերացումներով»,- ասում է նա:

Հայտնի ու անհայտ ավելի քան 40 երիտասարդ և մեծահասակ հայ երգիչներ ու պարողներ կհավաքվեն Դիլիջանում՝ ներկայացնելու դասական, ջազ, ժողովրդական և ժամանակակից երաժշտական ներկայացումներ: Նրանց կմիանան նաև UWC Դիլիջանի 100-ից ավելի ուսանողներ, ովքեր իրենց մասնակցությունը կունենան տարբեր համերգներում և ցուցադրություններում:

Երկու օր ողջ Դիլիջանը կվերածվի արվեստի ու համերգի վայրի: Փառատոնին կմասնակցեն քաղաքի գրեթե բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Caffeine («Կոֆեին») սրճարանի այցելուները կունենան հնարավորություն՝ ըմպելու սուրճ և նկարելու «Խմի՛ր և նկարի՛ր» ինտերակտիվ միջոցառման շրջանակում, իսկ Café #2-ի (Սրճարան #2) առջևի հատվածում փառատոնի այցելուները կտեսնեն իմպրեսիոնիզմի ուղին բռնած երիտասարդ արվեստագետների, ովքեր բացօթյա գեղանկարչության միջոցով կփորձեն վերարտադրել Դիլիջանի հրաշալի բնությունը: «Քարահունջ» սրճարանում ելույթ կունենան «Տիեզերք» խումբը և Լուսինե Մարդանյանը, իսկ «Թռչող ջայլամ» ռեստորանում տեղի կունենա խնջույք՝ դիջեյի ներգրավմամբ:

UWC Դիլիջանը կվերածվի մի վայրի, որի հարկի տակ կանցկացվեն արվեստի զանազան ներկայացումներ, ինչպիսին է «Այբ» դպրոցի արվեստի ցուցահանդեսը, UWC Դիլիջանի ուսանողների նվագախմբի ելույթը (նվագախումբը կներկայացնի Գերշվինի «Բլյուզի ռապսոդիան»՝ տաղանդավոր դաշնակահար Արամ Խանլարիի հետ), «Օտրի տրիո» անսամբլի համերգը, UWC Դիլիջանի ուսանողների անհատական թատերական ներկայացումները, ձայնային դիզայնին նվիրված ներածական հանդիպումը և «ԴիլիԱշխարհ» (DiliWorld) շոուն՝ համագործակցային բեմադրություն, որը կներկայացնի UWC Դիլիջանի զանազան մշակույթների երգերն ու պարերը: Սա կլինի UWC Դիլիջանի փոքրիկ աշխարհի իրական արտացոլումը:

Դիլիջանի արվեստների փառատոնի ֆեյսբուքյան էջում: Բոլոր միջոցառումները բաց են:

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 210 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 44 ուսուցիչ՝ 16 երկրից։

UWC Դիլիջանի բացումը հիանալի հնարավորություն էր UWC շարժման համար՝ տարածվելու Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող Կովկասյան տարածաշրջանում: Ստեղծվելով 1962 թ.՝ UWC  կրթական շարժումն այսօր ներառում է 17 միջազգային դպրոց և քոլեջ, ավելի քան 155 երկրում գործող ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր:

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Աշակերտների 96%-ն ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ. միջին կրթաթոշակը կազմում է 82%։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների երկու սերունդ (2016 և 2017 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Փրինսթոնի համալսարանում, Եյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուկի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

«Միացյալ աշխարհի քոլեջներ» (United World Colleges, UWC) շարժումը հիմնվել է 1962թ. և այսօր ներառում է 17 դպրոց և քոլեջ աշխարհի 4 մայրցամաքում, 155 երկրում գործող ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր: UWC շարժման առանցքային արժեքներն են միջազգային և միջմշակութային ընկալումը, բազմազանության խրախուսումը, անձնական պատասխանատվությունը և ներգրավվածությունը, փոխադարձ պատասխանատվությունը և հարգանքը, կարեկցանքը և ծառայությունը, հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ, իդեալիզմի զգացումը, անձնական մարտահրավերը, գործնական քայլը և անձնական օրինակը»:

 

loading...
Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
website by Sargssyan